Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին
Սպորտ
11:35 17/08/2017
Հայաստան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները:

«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ: Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Գնդակի 19 կորուստ ենք ունեցել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարզիչը:

Մարզիչի խոսքով, հավաքականը բավական անհաջող է իրացրել նաև տուգանայինները։

«Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօրվա խաղում»,- նշել է նա:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի բասկետբոլի հավաքականը կանցկացնի Երևանում՝ ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու շանս դեռ ունի: Դրա համար անհրաժեշտ է հաղթել բոսնիացիներին:

«Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»,-ասել է Նիկշա Բավցևիչը։

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին և կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Placeholder
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին