Հայաստանի գինեգործության մասին տեսահոլովակ կնկարահանվի
Տնտեսություն
13:37 18/08/2017
Հայաստան

Հայաստանի գինեգործության մասին տեսահոլովակ կնկարահանվի

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,-այս մասին նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն  Զարուհի Մուրադյանը` գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ։

ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին:

Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ և գինի արտադրող 15 հայկական ընկերություններ առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:

«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,-նշել է Զարուհի Մուրադյանը:

Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակի նկարահանումը, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, Հայաստանում գինու զբոսաշրջության հնարավորությունները:
 

 

Placeholder
Հայաստանի գինեգործության մասին տեսահոլովակ կնկարահանվի