Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ
Օրվա թեմա
13:35 21/08/2017
Հայաստան

Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ

«Միանշանակ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն՝ անդրադառնալով Երևանի որոշ փողոցների անվանափոխության հետ կապված «Ելք» դաշիքնի առաջարկին:

Նրա խոսքով՝ չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը:

«Ի՞նչ է նշանակում ամեն ինչ փոխել: Ինչու՞ են այս օրերին այդ թեման շոշափում: Նախ ո՞վ է «Ելքը», նախ «Ելք»-ի մուտքը ցույց տվեք, նոր կասեմ»,-ասաց ճարտարապետը:

Առաքելյանի կարծիքով՝ սա ռուս ժողովրդի դեմ է ուղղված. «Չոր եմ ասում, բայց ուզում են հայ ժողովրդին հանել ռուս ժողովրդի դեմ: Ես մեկ ուրիշ կարծիք էլ ունեմ, որ կատարում են դրսի պատվերները: Թող մնա, պատմությունն ինքը կմաքրի»:

Հանդիպմանը ներկա գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ անկախ Խորհրդային, թե անկախ Հայաստանի գործիչներ լինելուց, պետք է փողոցները կրեն այն մարդկանց անուննեը, ովքեր ազգի համար կարևոր գործ են կատարել:

«Օրինակ՝ Տոլբուխինի անվան փողոց ունենք, դրա տեղն ով գիտի, կամ նրա մասին ով գիտի: Ճիշտ է նա ԽՍՀՄ մարշալ է եղել, լավ մարդ է եղել, բայց ի՞նչ է արել նա Հայաստանի համար: Պետք է փողոցներն անվանակոչել ազգային գործունեության չափանիշներով: Քանի որ պատահական անունները շատ են, դրանք պիտի մաքրվեն: Կամ Մաշտոցի պողոտայի դեպքում,  ժամանակը շատ լավ բերեց և ամեն ինչ իր ճիշտ տեղը գցեց»,- ասաց գրականագետը:

Դավիթ Գասպարյանի խոսքով՝ թե փողոցների, թե դպրոցների անունների հարցը պետք է շատ լուրջ ձևով պետք է քննի տեղանունների հանձնաժողովը. «Պետք է ազգայնացնել, մաքրել, բայց ծայրահեղությունների մեջ չընկնել: Սովետական բոլոր այն դեմքերը, որոնք ազգին ծառայել են, անպայման պետք է պահպանվեն»:

Գրականագետն անդրադարձավ Էջմիածնի փողոցներին՝ նշելով, որ շատ լավ կլիեր այդ քաղաքի փողոցներն անվանվեին հայ կաթողիկոսների անուններով:

«Պետք է մտածել, ինչպես  անել, որ մեր ազգի համար ճիշտ ու լավ լինի: Ժամամակը միշտ ջրի երես է հանում այն ամենն ինչի անարդար փառաբանվել է: Դրանից ելնելով պետք է որոշել, որ անունը թողնել, որը հանել»,- ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա օրինակ բերեց Լենինգրադյան փողոցը. «Կարծում եմ այն պետք է փոխվի: Գիտեմ, որ բազմիցս խոսվել է այդ մասին և շատերը կողմ են, որ այն վերանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: Շատ ճիշտ նախաձեռնություն է և դա պետք է վաղուց արվեր»:

Հուշարձանագետն ընդգծեց նաև,որ արժանիները պետք է շարունակեն ազգի հիշողության մեջ տեղ ունել՝ անկախ նրանից թե, որ ժամանակաշրջանում է ապրել:

Ֆերդինանտ Առաքելյանն էլ վերջում հավելեց. «Համաձայն եմ՝ անուններ կան, որ պետք է հանվի, բայց էնպես չպետք է անել, որ թաց ու չորն իրար հետ խառնվի»:

Placeholder
Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ