Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
Օրվա թեմա
14:09 22/08/2017
Հայաստան

Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ

««Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը ցույց տվեց  աղետների դիմակայության պատրաստվածության մեր ցածր մակարդակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց աշխարհագրագետ, հողագետ Աշոտ Խոյեցյանը։

«Ճիշտ է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ոստիկանությունը, բնապահպանական կառույցի հետ առնչություն ունեցող բոլոր օղակները, իմ կարծիքով, արեցին հնարավորը, սակայն աղետների դիմակայման կուլտուրայի բացակայությունը պրոբլեմը բարձրացրեց ավելի լուրջ մակարդակի։ Ըստ էության, մեր հասարակությունը պատրաստ չէ, իսկ հասարակության պատրաստ լինելու պատասխանատվությունը պիտի կրեն համապատասխան կառույցները»,- ասաց աշխարհագրագետը։

Խոյեցյանի խոսքով՝ խնդրի հետ առնչություն ունեցող օղակները նույնիսկ պատկերացում չունեին տարածքի ռելևֆային պայմանների մասին. «Ամեն դեպքում ինչ որ արվեց արժանի է խրախուսանքի, բայց հարցը մնում է բաց, քանի որ եղած պրոբլեմների նկատմամբ վերաբերմունքը պահանջում է շատ ավելի լուրջ պրոֆեսիոնալիզմ»։

Ինչ վերաբերում է կրած վնասներին՝ հողագետն ասաց, որ այս հարցին լիարժեք պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգի իրականացման արդյունքում։

«Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է մոտ 3 հազար հա տարածք։  Որքանով կվերականգնվի էկոհամակարգն ամբողջությամբ, շատ դժվար է ասել։ Այս կամ այն բուսատեսակի կամ կենդանատեսակի վնասի խնդիր չէ միայն, արեալին է հասել վնասը, այսինքն՝ այն տարածքին որտեղ ապրում ու զարգանում են բույսերն ու կենդանիները։ Հիմնականում վնասվել են շարժման անհամեմատ սահմանափակ հնարավորություն ունեցող կենդանատեսակները, իսկ  բուսատեսակներից հիմնականում վտանգված են այս տարածաշրջանի համար ինքնատիպ համարվող բուսականությունը։ Կաղնու անտառներն այդքան չեն վնասվելու, որքան գիհու և ֆրիգանոիդ բուսականության տարածքը»,- մանրամասնեց նա։

Placeholder
Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ