Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօրվա նիստում բացարկի դիմում ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հայրապետյանն ասաց, Կարո Եղնուկյանին, ում նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել ու արգելել ներկա լինել դատական նիստերին, քրեակատարողական հիմնարկից ամեն անգամ բերում են դատարանի վարչական շենք: Փաստաբանը նշեց, որ դատավորի այդ ցուցումն անօրինական է:
Միջնորդությանը միացան մյուս մեղադրյալների պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Լուսինե Սահակյանը, Արա Ղարագյոզյանը, դատարանում ներկա մեղադրյալները:
Իննեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանն էլ առողջական խնդիրներ ունի:
«Ակնհայտ է, որ դուք ինքնաբացարկ պետք է հայտնեք: Պավել Մանուկյանի նկատմամբ էլ եք դուք իրականացրել խոշտանգում՝ բերելով դատարանի վարչական շենք, իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին»,-ասաց փաստաբանը:
Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դատավորը Կարո Եղնուկյանի նկատմամբ «առավել անմարդկային» վերաբերմունք է ցուցաբերել՝ սանկցիա կիրառելով ջուր խմելու ցանկության համար:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, համաձայն չէ այդ գնահատականին, պատրաստ է պաշտպանին տրամադրել որոշումն ու կրիչները:
«Ջուր խմելը հիմք չէ սանկցիա կիրառելու համար, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է»,-ասաց դատավորը:
Պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ կարծիք հայտնեց, որ «գործից ընդհանրապես պետք է դատավորը հեռանա, քանի որ չի կարող օբյեկտիվ քննել»: Նա հիշեցրեց, որ նկուղում է գտնվում Արմեն Ղազարյանը, ով «խոշտանգել է մեր պաշտպաններին՝ Արայիկ Խանդոյանին, Կարո Եղնուկյանին, նա ընդհանրապես վտանգավոր է, որ միայնակ մնա նրանց հետ»:
Մեղադրող կողմն առարկություն ներկայացրեց Տիգրան Հայրապետյանի միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդության մեջ հիմնավորումներ չկան:
«Օրենքով նշված որևէ հիմք չնշվեց»,-ասաց մեղադրող կողմն ու ավելացրեց, որ դատարանը կարող է ցանկացած պահի դատարանի դահլիճ հրավիրել մեղադրյալներին: Տուժողներն էլ միացան մեղադրողի առարկությանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի մեկ ժամ անց: