Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոլիվուդի Փառքի պուրակում նախօրեին թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվել է լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։
«Ազնավուր» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։
Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Նշենք, որ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարել էին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։
«Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև թանգարան ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:
Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք Հայաստանի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում»,-ասել է Շառլ Ազնավուրը։
Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը, ով նշել է. «Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդի ունեցած բոլոր մարտահրավերներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»։
««Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում անհատներին և կազմակերպություններին՝ միանալու Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի ստեղծման նախագծին՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելով և տարածելով սիրո ու միասնության ուղերձը»,- ասված է հաղորդագրությունում։




