Վարչապետը հանձնարարականներ է տվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասնակիցներին
Տնտեսություն
14:06 26/08/2017
Հայաստան

Վարչապետը հանձնարարականներ է տվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասնակիցներին

Այսօր կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դրանց շուրջ ծավալվել է լայն քննարկում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել:

Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բացի այդ, ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ: Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին, անհրաժեշտության դեպքում քննարկելով այլ շահագրգիռ մարմինների հետ, ամբողջականացնել փաստաթուղթը՝ ներկայացնելով այն կառավարության քննարկմանը:

 

Placeholder
Վարչապետը հանձնարարականներ է տվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասնակիցներին