Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թեւոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել
Աշխարհում
10:51 28/08/2017
Հայաստան

Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թեւոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թևոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ քառորդ եզրափակչում Թևոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել և մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:

Այսօր Թևոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ: Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից։

Ավելի վաղ, ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձևում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։
 

Placeholder
Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թեւոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել