Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
Իրավունք
11:57 29/08/2017
Հայաստան

Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան

«Սա մի գործողություն է, բողոքի ձև է, որը մենք ընտրեցինք: Հավաստիացնում եմ, որ դա ամենևին էլ մեր ցանկացածը չէր»,- «Մեդիա կենտրոնում» «Փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառներն ու պահանջները» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբան գործադուլ են անելու՝  բողոքելով քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում դատական կարգադրիչների կողմից փաստաբանների ապօրինի զննություններից ու խուզարկություններից:

«Մենք բոլորս մեր մասնագիտական պարտքը կատարելու համար  պատշաճ կերպով  մշտապես ներկայանում էինք դատական նիստերին, ամբողջ աշխատանքային օրն անցկացնում էինք դատարանի շենքի մոտ կամ միջացքում: Այդ ամբողջ ընթացքում արձանագրությունների հիման վրա դատարանի կողմից սանկցիաներ էինք ստանում: Ոչ դատական դեպարատամենտը, ոչ Փաստաբանների պալատը,  ոչ որևէ այլ պատկան մարմին չփորձեց  իրավական լուծում տալ խնդրին»,- ասաց Ա. Պապիկյանը՝ հավելելով, որ նախատեսում են գործադուլի միջոցով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Փաստաբանը հույս հայտնեց, որ պատկան մարմինները հետևություններ կկատարեն, հրատապ ձևով համապատասխան միջոցներ կձեռնարկեն խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ այս խնդիրները բացառապես կապված են ՊՊԾ գնդի գրավման  և «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործերով դատավարությունների հետ:

«Որևէ այլ գործով փաստաբանները երբևէ նման խնդրի չեն բախվել»,- նշեց փաստաբանը:

Նրա ներկայացմամբ, խնդիրներն առաջացել էին նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում սահմանափակել փաստաբանների տեսակցություններն իրենց պաշտպանյալների հետ քրեակատարողական հիմնարկներում:

Placeholder
Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան