Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր
Մշակույթ
14:53 30/08/2017
Հայաստան

Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերն արդեն 17-րդ այցն է կատարում Հայաստան։ Երգչի այս անգամվա այցի նպատակը Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25 ամյակներն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դեքերը մանրամասներ ներկայացրեց իր նախագծից։

«Սեպտեմբերի 3-ին Արցախում կլինեմ «Իմ Արցախ» նախագծով։ Համերգի ընթացքում երկու պրեմիերա կլինի՝ «Արաքս» և «Իմ Արցախ» ստեղծագործությունները։ «Արաքս»-ի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունն Արա Գևորգյանինն է։ Երգը հենց գետի մասին է, գրել եմ այն հեռանկարով, որ գետը խոսի ժողովրդի հետ։ Իսկ «Իմ Արցախ» երգը հարցազրույց է Արցախի ու քաջ ժողովրդի միջև։ Շատ ուրախ եմ, որ բեմը կիսելու եմ իմ ընկերների՝ սիրված երգիչներ Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ»,- ասաց երգիչը։

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանու ներքո։

Դիտարկմանը, թե նա ինչպիսի վերաբերմունք ունի Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, որտեղ կարող է հայտնվել նաև ինքը, ամերկկացի երգիչը պատասխանեց. «Եթե կա սև ցուցակ, պատիվ ունեմ այնտեղ գտնվելու։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես նորմալ եմ համարում դա, քանի որ կանգնած եմ ճշմարտության կողքին»։

Դանիել Դեքերը հավելեց, որ նաև ցանկություն ունի համերգներով լինել նաև Հայաստանի մարզերում, դրա միայն կազմակերպչական խնդիրներ կան հիմա։

Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին ապրիլի 23-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել։
 

 

Placeholder
Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր