Ծնող կոմիտները, ըստ էության, դրամահավաք հրահանգող դեր են կատարում. Վ.Սողոմոնյան
Կրթություն, գիտություն
16:53 31/08/2017
Հայաստան

Ծնող կոմիտները, ըստ էության, դրամահավաք հրահանգող դեր են կատարում. Վ.Սողոմոնյան

«Մենք ունենք կրթության որակի հաշվին գնալով էլ ավելի խորացող անհավասարություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը:

Նրա խոսքով, Երևանից մինչև ամենահեռավոր մարզեր կրթության որակի, պայմանների այնպիսի բևեռացում գոյություն ունի, որ այդ անհավասարությունը Հայաստանում  լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում:

«Ըստ էության, անցած 25 տարիներին պետությունը չի կարողացել ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը կձևավորեր պայմաններ, որպեսզի դպրոցում ծնողները, դպրոցի վարչակազմը համերաշխության մթնոլորտում կկարողանային մասնացել դպրոցի գործերին, բովանդակային, տարբեր կազմակերպչական հարցերին»,- ասաց Վ. Սողոմոնյանը:

Նրա խոսքով, դեռևս հնուց մնացած ծնող կոմիտները, ըստ էության, դրամահավաք հրահանգող դեր են կատարում, նրանց կողքին կա քննադատական մտածողությամբ
ծնողների մի փոքրիկ խումբ, նաև լուռ մեծամասնություն, որը համակերպվում է ամեն ինչի հետ:

«Մեր նախաձեռնության խնդիրն է ուժեղացնել այդ փոքրամասնությանը, որպեսզի կարողանանք փոփոխություների հասնել հենց տեղերում»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյանը  որպես կարևոր խնդիր առանձնացրեց դպրոցների քաղաքականացվածությունը, կուսակցականացվածությունը:

«Այստեղ խնդիրը ոչ թե մեկ կամ երկու կուսակցության կողմից այդ լծակների օգտագործումն է, այլ խնդիրն այն է, որ ունենք  այնպիսի մշակույթ,  որը կարող է փոխանցվել նաև մյուս իշխանություններին»,- նշեց նա:

Ա. Անափիոսյանն ասաց, որ իրենց նախաձեռնության նպատակն է խնդիրների բարձրաձայնումը ոչ միայն մասնագիտական, նաև քաղաքացիական հարթակներում:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Միշա Թադևոսյանը նշեց, որ իրենց նախաձեռնության ձևավորումն արդեն իսկ ահազանգ էր, որ հանրակրթության ոլորտում կան այս կամ այն խնդիրները:

«Ոլորտում կան ամենատարբեր խնդիրներ, սակայն չկան մեխանիզմներ, թե ինչպես համակարգել այդ խնդիրները»,- ասաց նա:

Մ.Թադևոսյանը ներկայացրեց կրթական հիմնախնդիրների բացահայտման նպատակով մշակված ահազանգերի գրանցման առցանց ծրագիրը (https://iditord.org/education/):

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» (ԿՔՆ) հարթակ է, որի գլխավոր առաքելությունը կրթական համակարգի բոլոր շահառուների համախմբումն է՝ ուղղված որակյալ կրթության ապահովմանը: ԿՔՆ-ը նպատակ է հետապնդում ապահովել հանրային վերահսկողություն պետության կողմից կրթական քաղաքականության իրականացման նկատմամբ, ինչպես նաև կրթության բարեփոխման գործընթացում ներգրավել շահագրգիռ անձանց և կազմակերպություններին: Նախաձեռնության անդամները առաջնահերթ են համարում կրթական համակարգում սոցիալական արդարության, մարդու իրավունքների և արժանապատվության, շահագրգիռ կողմերի մասնակցայնության, թափանցիկության և հաշվետվողականության, յուրաքանչյուրի համար՝ որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների երաշխավորման սկզբունքների ապահովումը:

Placeholder