Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժ. Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստի դահլիճում Գասպարին բողոքի ակցիա իրականացրեց
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատավարության ժամանակ նիստերի դահլիճում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա իրականացրեց: Նա բողոքում էր հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ, ով գործում ներգրավվել է որպես ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան:
Վ. Գասպարին այս գործի հետ որևէ կապ չունի, բայց նիստերի դահլիճում նա գոռում էր.
«Մարինե Թովմասյան, դու իմ ներկայացուցիչը չես, ինչու ես ներկայացնում ինձ: Չեմ ուզում, չեմ ուզում քո պաշտպանությունը: Անամոթ»:
Դատական կարգադրիչները նրան հեռացրին նիստերի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց:
Դատարանի բակում հավաքված Ժիրայր Սեֆիլյանի համակիրները փորձեցին փակել հանրային պաշտպան Մ. Թովմասյանի մեքենայի ճանապարհը։
Հիշեցնենք, որ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ սահմանվել է սանկցիա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ, նա հեռացվել է դատարանի դահլիճից: Ժ.Սեֆիլյանն իր պաշտպաններին արգելել է իր բացակայության պայմաններում մասնակցել դատական նիստերին: Դատարանն էլ ամբաստանյալների պարտադիր պաշտպանություն ապահովելու համար արդեն որերորդ անգամ հանրային պաշտպան է նշանակում, Սեֆիլյանն էլ՝ հրաժարվում, այդ թվում Մարինե Թովմասյանից:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: