Բաչկովն իսկական ճակատամարտ տվեց. Դավիթ Թորոսյան
Աշխարհում
15:00 04/09/2017
Հայաստան

Բաչկովն իսկական ճակատամարտ տվեց. Դավիթ Թորոսյան

Այս գիշեր Համբուրգից Երևան են վերադարձել աշխարհի առաջնությանը մասնակցած հայաստանցի բռնցքամարտիկները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Գերմանիայի ռինգում Հայաստանը ներկայացրել են Կարեն Տոնականյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ): Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճել է բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում զիջելով Կուբան ներկայացնող աշխարհի ապագա չեմպիոնին: 

«Զվարթնոց» օդանավակայանում Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է. 

«Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Բաչկովին: Իհարկե, կցանկանայի, որ նա աշխարհի չեմպիոն դառնար, բայց տվյալ պահին բրոնզե մեդալն արտացոլում է մեր իրական սպասումները: Պետք է հաշվի առնել, որ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների միջակայքն ընդամենը մեկ ամիս էր: Բաչկովը բավականին ժամանակ չուներ վերականգնվելու համար: Եվ դա Եվրոպան ներկայացող բոլոր բռնցքամարտիկներին է վերաբերում: Բավական է աչքի անցկացնել աշխարհի առաջնության արդյունքները: Եվրոպայի ներկայացուցիչները տասը քաշային կարգերից ընդամենը երեքում հաղթեցին:

Մյուս մայրցամաքների առաջնություններն ավարտվել են դեռ մարտին: Նոր մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար առնվազն մեկուկես ամիս է պահանջվում: Մենք պարզապես ժամանակ չունեինք:

Չեմ ցանկանում միջազգային ֆեդերացիայի գործողությունների մասին ասել, թե կանխամտածված են, բայց այդ ամենը տարօրինակ է: Այնպիսի տպավորություն է, որ մրցաշարային օրացույցը դիլետանտներն են կազմել: Ամեն դեպքում ուրախ եմ Բաչկովի համար, նա արժանի է այս մեդալին: Մրցավարությունը Համբուրգում նորմալ էր: Կիսաեզրափակիչ մենամարտում Կուբայի ներկայացուցչի հետ Բաչկովը պարտվեց, բայց չեմ կարող նրան ինչ-որ բանում մեղադրել: Բաչկովն իսկական ճակատամարտ տվեց, մինչդեռ մյուս մրցակիցներին կուբացի բռնցքամարտիկը հաղթել էր նկատելի առավելությամբ: Նա իսկապես բոլորից ուժեղ էր և աչքի էր ընկնում Համբուրգում:

Հիմա բոլորս հոգնած ենք: Լարված ժամանակները հետևում են: Մրցաշրջանը մեծ հաշվով ավարտված է: Կհանգստանանք, հետո ուշադրություն կդարձնենք պրոֆեսիոնալ ռինգին: Բռնցքամարտիկները հիմա կարող են համատեղել ելույթները սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերում, ինչը ես շատ դրական եմ գնահատում»:

Placeholder
Բաչկովն իսկական ճակատամարտ տվեց. Դավիթ Թորոսյան