«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան` համալսարան». Սերոբ Խաչատրյան
Կրթություն, գիտություն
13:50 04/09/2017
Հայաստան

«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան` համալսարան». Սերոբ Խաչատրյան

«Եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` նախակրթարանների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան:

«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորն ուզեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,- ասաց Խաչատրյանը։

Մասնավոր մանկապարտեզներին անդրադառնալով՝ նա նշեց, որ այստեղ էլ շատ ռիսկային է մանկավարժական կողմը։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մանկապարտեզների հետ կապված այն ինչ այսօր անում է քաղաքապետարանը, ոչ մի օրենքի չի ենթարկվում. «Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»:

Բախշյանի խոսքով՝ քաղաքապետարանը մանկապարտեզների հետ կապված փոփոխություններն ապօրինի է կատարում և ծնողներին փաստի առաջ կանգնեցնում։

 

Placeholder
«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան` համալսարան». Սերոբ Խաչատրյան