Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձևավորվող Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց. Հ. Հակոբյան
«Ցանկացած համաժողով ունի գլխավոր մի նպատակ՝ ամփոփել արդյունքները և նախանշել հետագա ծրագրերը, տեսլականը, մոտեցումները, գործակցության ձևերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մանրամասներ ներկայացնելով առաջիկայում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից։
Նախարարի տեղեկացմամբ՝ բացի նիստերից, առաջին անգամ համաժողովի ընթացքում կանցկացվի նաև երկու կլոր-սեղան։ Առաջին կլոր-սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ։ Երկրորդին կքննարկվեն Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևան 2800-ամյակի կազմակերպման և անցկացման ծրագրերը։
Համաժողովի երկրորդ օրվա նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը, իսկ ամփոփիչ նիստում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի հայտարարություն, որի նախագիծը քննարկվում է համահայկական և համայնքնային կառույցների կողմից և դրանց դիտարկումների ու առաջարկությունների հիման վրա էլ կձևավորվի վերջնական տարբերակը։
Ինչ վերաբերում՝ ստեղծվելիք Համահայկական խորհուրդին, նախարարն ասաց, որ այն կլինի խորհրդատվական կառույց։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք խորհուրդն ունենալու է ազդեցություն Հայաստանում որոշումների կայացման վրա, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մենք չենք կարող այնպիսի մի մարմին ստեղծել, որը պարտադիր լինի Սփյուռքի, Արցախի և Հայաստանի Հանրապետության համար: Դա բացառվում է։ Ցավոք, ճակատագրի բերումով աշխարհասփյուռ ենք դարձել և այս ներուժը, հնարավորությունները համախմբելու, կազմակերպելու միասնական ձևով ինչ-որ հարցադրումներին անդրադառնալու կարիք կա»։
Խորհրդի ստեղծման մեխանիզմներից խոսելով՝ գերատեսչության ղեկավարը նշեց, որ
սա քննարկվում է երկար ժամանակ, մոտավորապես 20 տարի. «Կարծում եմ, պետք է անել այնպես, որ Սփյուռքի խոշոր կառույցները, կազմակերպությունները կարողանան ազդեցություն ունենալ»։
Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ, որի շրջանակում սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին։
Սեպտեմբերի 20-ին էլ համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին։