Անհարգելի բացակայած  պատգամավորները պետք է զրկվեն աշխատավարձից. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
11:30 05/09/2017
Հայաստան

Անհարգելի բացակայած պատգամավորները պետք է զրկվեն աշխատավարձից. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի կերպով բացակայելու համար կզրկվեն աշխատավարձի որոշ մասից: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Գոյություն ունի Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, գոյություն ունի ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքի մասին ՀՀ օրենք, որի 5-րդ հոդվածի 4-րդ կետը հստակ ասում է՝ ԱԺ նիստերից, ինչպես նաև հանձնաժողովների նիստերից անհարգելի կերպով բացակայած պատգամավորները  բացակայած օրերի համար չեն վճարվում։ Նման դեպքում հանձնաժողովի նախագահը պարտավոր է հետևել օրենքներին և յուրաքանչյուր նիստից հետո համապատասխան արձանագրություն կազմել և ուղարկել ԱԺ նախագահին։ Ես, որպես օրինապահ պատգամավոր, արել եմ դա»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ՀՀԿ խմբակցության բոլոր 3 պատգամավորները նախապես  տեղեկացվել են գործընթացի մասին։ Նա նաև շեշտեց,  ՀՀԿ-ական խորհրդարանականնները  որևէ անգամ չեն մասնակցել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստերին, հետևաբար հարց է բարձրանում՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ նիստերին կտրականապես չմասնակցող պատգամավորները մնան հանձնաժողովում։ 

«Ի դեպ, այդ հարցն առաջիկայում բարձրացնելու եմ ԱԺ խորհրդում։ Ես չգիտեմ՝ ինչու են տվյալ 3 պատգամավորները որոշել, որ իրենց տեղը եվրոպական ինտեգրման հանձնաժողովն է։ Իհարկե, հասկանում եմ, որ դա ցանկացած խմբակցության որոշելիք հարցն է։ Եթե իրենք գտնում են, որ հանձնաժողովում լինելով՝ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը չպետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, ես էլ հարգում եմ ՀՀ օրենքները, և ինչպես պահանջում է կարգը, յուրաքանչյուր նիստից հետո համապատասխան արձանագրությունը ուղարկում ԱԺ նախագահին։ Ես շատ հույս ունեմ, որ ԱԺ նախագան ընթացք է տալիս իմ ուղարկած դիմումին»,- նշեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ այսուհետ կարգը բանեցվելու է անհարգելի բացակայող յուրաքանչյուր պատգամավորի նկատմամբ՝ անկախ նրանից՝ որ խմբակցությունից է պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ պատգամավորների բացակայության թեման ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի  հանձնաժողովի նիստում քննարկվել էր դեռ երեկ։ 

Placeholder
Անհարգելի բացակայած պատգամավորները պետք է զրկվեն աշխատավարձից. Նաիրա Զոհրաբյան