Վարք նախարարությունների -2
Քաղաքական
16:07 06/09/2017

Վարք նախարարությունների -2

Մամուլի խոսնակներ և չխոսկաններ։

Մի շտապեք նեղվել՝  եթե դուք պրոֆեսիոնալ եք, ավելի լավ նյութ ձեր աշխատանքը տեղերում  բարելավելու՝ չեք գտնի:

Տեսեք.
Եթե անկեղծ վերլուծեք դաշտը, կտեսնեք, որ նախարարություններ- հասարակայնություն կապը գնալով զուգահեռ է դառնում՝ դրանք չեն հատվում լուծման կետում: Դա կամ ձեր վատ աշխատանքի արդյունք է, կամ միակողմանի աշխատանքի, կամ ձեզ ուղղակի ազատ գործունեության տարածք չեն  տալիս ձեր կառույցում:

Տեսեք.
Հերիք է  լրագրողը ձեզ զանգահարի հարցերով ու... ինչ եք անում դուք՝ այո, ասում եք՝ «հարցերը գրավոր»: Սա ու ուղղակի «աղերս չունի իրականության հետ» պատասխանները կոչվում են «տուպը» փակել ինֆորմացիան, ինչը պրոֆեսիոնալ չէ ու, ինչպես ասացի՝ կապը դարձնում է երկակի ու զուգահեռ:

Նշանակում է նաև, որ դուք տեղյակ չեք ձեր կառույցի ընթացիկ քաղաքականությանը, չենք կարող այն ներկայացնել,  կամ ներքին կարգով լիազորված չեք այն ներկայացնել:

Տեսեք.
Գրավոր պիտի ներկայացվեն  այն հարցերը, որոնք կապված են հաշվարկի, արխիվի հետ աշխատանքի հետ:  Մնացածը՝  մասնագետը  պատասխանում է տեղում, քանի որ ենթադրվում է, որ մամուլի խոսնակը ամեն օր տեղյակ է իր կառույցի ու ղեկավարի քաղաքական  ու ռազմավարական  տեսանկյանը, գործերին:  Եթե տեղյակ չէ՝  ուրեմն մամուլի խոսնակի աշխատանքները կառույցում սահմանափակված են, կամ, չգիտես ինչու, պահում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի:

Հիմա՝ հարցումների ստորագրությունների մասին:
Թույլ տվեք հիշեցնել, որ նախարարություններին, բացի լրագրողներից,  հարցերով կարող են դիմել նաև քաղաքացիները ու ստանալ պատասխաններ: Այս դեպքում ճիշտ է, որ քաղաքացին ներկայանա՝ հասցե, անուն, ու թող լինի նաև ստորագրություն:

Բայց եթե դիմում են  հայտնի լրատվամիջոցից, այդ դեպքում թույլ տվեք  իմանալ՝ ձեր ինչին է պետք պարտադիր ստորագրությունը: Եթե ստորագրությունն այդքան պարտադիր է, ապա ինչու չեն ստորագրվում մամուլի հաղորդագրությունները, ինչու եք պաշտոնական հաղորդումները դնում ֆեյսբուքում:  Օրենք՝ ուրեմն օրենք, ֆեյսբուք՝ ուրեմն կենցաղային հարաբերություններ:

Չի կարելի լինել կենցաղավար, բայց փոխարենը պահանջել դասական օրինապաշտություն: Դա ոչ միայն անհասկանալի է, այլև՝ ձանձրալի: Ու հավատացնում եմ՝  եթե նախարարությունները չվերանայեն իրենց ու մամուլի խոսնակների կապի տեսակը ու որակը հասարակայնության հետ, շուտով լրատվամիջոցները ավելորդ կհամարեն հրապարակել հաղորդագրությունները, որոնցում գերազանցապես գովազդ է:

Ընդ որում՝ մամուլի խոսնակի աշխատանքը ոչ միայն «լավ պատասխաններով տեղը դնելն է», այլև՝ աշխատանք դեպի ետ, ինչը ենթադրում է, որ խնդիրը, կամ հարցը որ վեր է հանում խնդիր, պիտի  զեկուցել,  լուծել, խոստովանել, որ թերացում կար, շնորհակալություն հայտնել  հարցով խնդրի կամ թերության լուծումը հուշելու համար, ...:  Թե չէ ստացվում է, որ լրագրողը հարցը տալիս է ընդամենը պատասխան ստանալու՞ համար: Ու դուք աշխատում եք այդ պատասխա՞նը տալու համար:

Դա չէ հասարակայնության հետ կապը: Ամենևին:

Օգնելու անշահախնդիր... ոչ, թերևս՝ օգնելու շահախնդիր ցանկությամբ

Անահիտ Ոսկանյան

Placeholder