Լևոն Ալթունյանը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին
Առողջություն
19:35 07/09/2017
Հայաստան

Լևոն Ալթունյանը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից ներդրվող մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը:

Հարցին, թե  մարդիկ մտավախություն ունեն՝ կապված այդ պատվաստման հետ,  նախարարն ասաց, որ խոսք է տալիս` բոլոր երկրների առողջապահության նախարարություններին կդիմեն և իրենց մասնագիտացած կարծիքը կտրամադրեն հանրությանը:

«Ցավոք սրտի, Հայաստանում քաղցկեղը հայտնաբերվում է 3-4-րդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ գումարներ, իսկ հիվանդը դրանից հետո ապրում է 2-3 կամ մաքսիմում 5 տարի: Մինչդեռ պատվաստման դեպքում մենք կունենանք այդ հիվանդություններից խուսափելու հնարավորություն»,- նշեց Լևոն Ալթունյանը՝ հավելելով, որ այսօր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ոսկե ստանդարտ է` առաջակված առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Առողջապահության նախարարը նաև ասաց, որ մինչև որոշումն ընդունելը  մասնագետները ուսումնասիրել են հարցն ու եկել պատվաստման եզրահանգման:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից կներդրվի մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը: Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի GAVI-ի միջոցով:  ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս այս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում,երբ աղջիկները դեռևս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին:

 

Placeholder
Լևոն Ալթունյանը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին