Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Մշակույթ
15:26 07/09/2017
Հայաստան

Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու

Ռեժիսոր,  2003 թ-ից Կինեմատոգրաֆիստների  միության անդամ  Վահե  Գևորգյանցը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու:

«Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը,  որն ընտրելու է  միության նոր նախագահ  և վարչություն:  Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման  գործում, մեծ ցանկություն ունենալով  նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում,  ես  որոշում եմ կայացրել  առաջադրվել  որպես  Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու:  Ունեմ  միության բնականոն գործունեության և զարգացման հստակ ծրագրեր, կամք,  համախոհներ,  և վստահ եմ, որ կարող եմ իրականացնել  մշակված և  միության կողմից  հավանության արժանացած իրական ծրագրերը:

Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող  բոլոր թեկնածուները տաղանդավոր և կայացած կինոգործիչներ են և արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական  արշավն  ուղեկցվի  ազնիվ մրցակցությամբ, անցնի  փոխադարձ հարգանքի  մթնոլորտում: 

Վստահեցնում եմ նաև, որ ընտրության ցանկացած արդյունքի  դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում  ի շահ հայկական կինոյի և միության բոլոր անդամների»,- նշված է նրա հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին:

 

 

Placeholder
Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու