Գրագետ լինելը հասարակական պահանջ պետք է լինի. Դավիթ Գյուրջինյան
Կրթություն, գիտություն
10:00 08/09/2017
Հայաստան

Գրագետ լինելը հասարակական պահանջ պետք է լինի. Դավիթ Գյուրջինյան

Սեպտեմբերի 8-ը Գրագիտության միջազգային օրն է: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է 1966 թվականին՝ անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Թեհրանում:

Օրվա գլխավոր նպատակն է ակտիվացնել գրագիտության տարածման ուղղությամբ հասարակական ջանքերը։ Այս տարի օրվա կարգախոսն է «Գրագիտությունը՝ թվային աշխարհում»։  Հայաստանում գրագիտության ներկայիս վիճակի ու խնդիրների մասին Panorama.am-ը զրուցեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ:

«Նախ պարզենք, թե ի՛նչ ենք հասկանում գրագիտություն ասելով: Դա առաջին հերթին գրել-կարդալ իմանալն է, գրաճանաչ լինելը: Այս իմաստով խորհրդային տարիներին արդեն Հայաստանը համատարած՝ 100 տոկոսանոց գրագիտության երկիր էր: Սա մեծ նվաճում էր»,- նկատեց լեզվաբանը:

Նրա խոսքով՝ այժմ պետական խնդիր պետք է լինի այն, որ Հայաստանում անգրագիտության փաստեր չունենանք երեխաների և երիտասարդության շրջանում, և եթե այդպիսիք արդեն կան, ապա ամեն ջանք պետք է գործադրվի անգրագիտությունը վերացնելու ուղղությամբ:

«Չմոռանանք, որ 21-րդ դարում ենք ապրում, երբ կրթական պահանջ է ձևավորվում, որ մարդը մայրենի լեզվից բացի իմանա ևս երեք լեզու: Այդ պարագայում անգրագիտության փաստերն անհանդուրժելի պետք է համարվեն: Մյուս իմաստով գրագիտությունը մտքերը քերականորեն ճիշտ շարադրել (գրել և խոսել) կարողանալն է: Այս ասպարեզում կրթական համակարգը հսկայական անելիք ունի: 12-ամյա միջնակարգ, ապա երկաստիճան բարձրագույն կրթություն ստացած մարդը հաճախ չի կարողանում իր մտքերն ազատորեն շարադրել, խոսել քերականորեն ճիշտ, տրամաբանված, պատկերավոր... Երբեմն նրան գործնականում անգրագետ կարելի է համարել, երբ չի կարողանում այս կամ այն տեսակի գրություն գրել, ճիշտ հասկանալ շարադրված հանձնարարականը և այլն: Ուրեմն անելիք կա»,- մանրամասնեց Գյուրջինյանը:

Նա շեշտեց, որ քանիցս ասել և այժմ էլ կրկնում է՝ պետք է արմատապես փոխել հայոց լեզվի դասավանդման քարացած մոտեցումները:

«Պետք է վերջ տալ քերականամոլությանը, լեզվի տեսություն սովորեցնելու փոխարեն հայոց լեզու սովորեցնել, որ մարդը գրելիս և խոսելիս չկաշկանդվի, ազատ լինի բարդույթներից: Կրթական համակարգից բացի հսկայական անելիք ունեն զանգվածային լրատվության միջոցները, հատկապես հեռուստատեսությունը: Գրագետ լինելը հասարակական պահանջ պետք է լինի»,- ավելացրեց Դավիթ Գյուրջինյանը:

Placeholder