Մենք պարտադիրին դեմ ենք. եզդիների միության համայնքի անդամ
Կրթություն, գիտություն
16:52 12/09/2017
Հայաստան

Մենք պարտադիրին դեմ ենք. եզդիների միության համայնքի անդամ

Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը դեմ է եզդի երեխաներին պարտադիր կերպով 12 տարի դպրոցներում պահելուն: Նրա համոզմամբ, պարտադրողը պետք է հաշվի առնի սովորելու, ճանապարհի ու այլ ծախսերը, աշխատանքի ընդունելու խնդիրը:

«Եթե պիտի ավարտի ու գա գնա պոմիդոր ծախի, ապա ես դեմ եմ, իններորդ դասարանը նորմալ է, մինչև ինը թող պարտադիր լինի, դրանից հետո աշակերտը հասուն է, ինքը պետք է որոշի, մենք պարտադիրին դեմ ենք: Չի կարելի պարտադրել, էդ ի՞նչ բան է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Նա զայրանում է ու հնարավոր պատճառները բացատրում. «Դասարաններում երեխա չկա, դրա համար էլ պարտադիր են դարձնում, մի 4-5 տարի հետո կարող է  ծնողներին էլ պարտադրեն, որ գնան սովորեն»:

«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը նշում է, որ Հայաստանում եզդի աղջիկները սկսկել են ավելի մեծ տարիքում ամուսնանալ:

«Առաջ ավելի շատ էին 15 տարեկան հասակում ամուսնացող աղջիկները, քան թե հիմա: Բայց եթե հիմա այդ օրենքն ընդունեն, եզդիների համար լավ չի լինելու, քանի որ եզդիների աղջիկներն ամուսնանում են 16-17 տարեկանում»,-բացատրեց նա:

Եզդի բանախոսներն ասացին, որ իրենց ազգակից շրջանավարտների մոտ 50 տոկոսն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, աղջիկները, ըստ նրանց ներկայացրած թվերի, 5-10 տոկոսն են:

Հիշեցմենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: 

 

Placeholder