Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
Մշակույթ
14:59 12/09/2017
Հայաստան

Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ

Սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի կունենա «Ծովանկարչության սահմանները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Թեման համաշխարհային ծովանկարչությունն է, մասնավորապես` Այվազովսկու կյանքն ու ստեղծագործությունը: Մեծանուն արվեստագետի բազմակողմանի գործունեությունն ու հարուստ ստեղծագործական ժառանգությունը ներկայացվելու է ամենատարբեր ասպեկտներից:

«Պատկերասրահի համար աննախադեպ է ծովանկարչին նվիրված նման մասշտաբային գիտաժողովի անցկացումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:  Մ. Հակոբյանի ներկայացմամբ, արտերկրյա հյուրերի թվում են՝ Հ. Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը, Պետական Տրետյակովյան պատկերասրահի XIX դարավերջի - XX դարասկզբի գեղանկարի բաժնի վարիչ Գալինա Չուռակը, Պետական Ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը և այլք: Օտարերկրյա հյուրերից զեկույցներով հանդես կգան նաև արվեստի փորձագետ, Այվազովսկու մասին մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ, արտ-շուկայի գիտակ Իվան Սամարինը Լոնդոնից, Այվազովսկու խոշոր հավաքածուատեր, նկարչի արվեստի ուսումնասիրող ու մասնագետ Անդրեաս Ռուբիյանը ԱՄՆ-ից և այլք:  Գիտաժողովի ելույթները կհրատարակվեն զեկույցների ժողովածուով:

«Հետաքրքիր է ոչ միայն մասնագետների ընդգրկումը, նաև գիտաժողովի թեմատիկան, որը բավականին լայնածավալ է: Իհարկե, հիմնական առանցքն Այվազովսկին է, բայց ոչ միայն: Ներկայացվելու է նաև 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ոչ միայն հայ՝ Ալխազյանի, Թադևոսյանի, նաև Արևմտյան Եվրոպայից՝ Կուրբեի, Մոնեի և այլոց արվեստը»,- ասաց գիտաժողովի համակարգող Մ. Հակոբյանը: 

Նա նշեց, որ  ընդհանուր առմամբ 21 բանախոս է ելույթ ունենալու. «Ներկայացվելու է Այվազովսկու արվեստի նորահայտ էջեր, որոնց մասին երբեք չի խոսվել, չի ներկայացվել: Ընդհանուր առմամբ, լինելու է բացահայտում:  Զեկուցողների մեծ մասը, ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մեր գործընկերները, նշում են Այվազովսու հայկական ծագումը: Տրետյակովյան պատկերասրահում նախորդ տարի բացված ցուցահանդեսի ժամանակ տարբեր մասնագետներ հարցազրույցներ էին տալիս՝ նշելով նաև նկարչի հայկական ծագումը»:

Պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ծովանկարչի՝ ազգանվան փոփոխության հետ կապված, նա ասաց, որ գիտաժողովին նաև այս առնչությամբ են լինելու զեկույցներ, ներկայացվելու են կոնկրետ վավերագրեր, փաստաթղթեր, ինչպես է դա տեղի ունեցել, որ էտապում:

«Նամակներում ի սկզբանե Գայվազյան է եղել, այնուհետև փոխարինվել է Այվազյան: Միայն նրա եղբոր ազգանունն է մնացել Այվազյան՝ Գաբրիել Այվազյան, ով եղել է Մխիթարյան միաբանության միաբան: Այնուհետև Հովհաննես Այվազյանը, տեղափոխվելով այլ միջավայրեր, շրջապատ, փոխարինվում է Այվազովսկով»:

Placeholder
Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ