ԱՄՆ-ը սպասում է ՀՀ կառավարության հիմնավորումներին. ԱՄՆ դեսպան
Տնտեսություն
12:36 13/09/2017
Հայաստան

ԱՄՆ-ը սպասում է ՀՀ կառավարության հիմնավորումներին. ԱՄՆ դեսպան

«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»,- այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանը հայտնեց, որ այս շաբաթ Հայաստանում ընդունել է ԱՄՆ-ի առևտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների,  որպեսզի ներկայացնեն  GSP-ի համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: 

«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է Միացյալ նահագներ արտահանել արտոնյալ  ռեժիմով նվազեցված՝ մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանի արտահանումների 60 տոկոսը ԱՄՆ իրականացնում է GSP ռեժիմի  ներքո, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ջեմեր և այլն: Ես հավատացած եմ, որ Հայաստանի գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- ասաց Ռիչարդ Միլսը:

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ է հնարավոր մոտ ժամանակներում կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։  Դեսպանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է. «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի,  եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»:

Ռիչարդ Միլսի խոսքերով՝  1970 ական թվականերին ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առևտրային հարաբերությունների իրականացման համար:

«Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ընդգծեց դեսպանը:

Placeholder
ԱՄՆ-ը սպասում է ՀՀ կառավարության հիմնավորումներին. ԱՄՆ դեսպան