Բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը
Կրթություն, գիտություն
14:47 14/09/2017
Հայաստան

Բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը

«Շատ սիրուն դպրոց է»: «Ինչ լուսավոր դասարան է»: «Երեխեք, խաղալու համար էլ  հատուկ սենյակ ունենք»… Աշակերտների առաջին արձագանքը, երբ առաջին անգամ մուտք գործեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենք ու իրենց դասարաններ:

Դպրոցի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, դպրոցի բարերար Էդուարդո Էռնեկյանը, կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, պաշտոնատար անձիք:

Դպրոցի օծումը կատարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրապետության Նախագահը շրջայց կատարեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցեց դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի (նախկինում՝ թիվ 6 գիշերօթիկ դպրոց) հենքի վրա: Էօրնեկեանցիների ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով 2012 թ. Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ սկսվել են դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:

Լրագրողների հետ զրույցում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, դպրոցի տեսուչ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ասաց, որ հին մասնաշենքը խարխուլ, անբարենպաստ վիճակում էր:

«Բարերարի աջակցությամբ և նվիրաբերությամբ այսօր ունենք այսպիսի շքեղ պայմաններով շենք»,- նշեց նա՝ հավելելով, որ դպրոցը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, առարկայական լաբորատորիաներով: 



Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը տեղեկացրեց, որ ներկայումս դպրոցում գործում  է 32 դասարան՝ 1-12 դասարանի 471 աշակերտով, որոնց դասավանդում է 58 մանավարժ, իսկ նորակառույց  շենքը պատրաստ է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտ:

Նա ասաց, որ դասավանդողներն ընտրվում են հարցազրույց-քննությամբ. «Ամեն անգամ հոգաբարձուների խորհրդի կողմից նոր հանձնախումբ է ստեղծվում, անցկացվում է քննություն ու կատարվում ընտրություն»:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն  Սուսաննա Վարդանյանն ասաց, որ առաջին դասարան երեխաներն ընդունվում են հարցազրույցով, ծրագիրը մշակված է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական համակարգին համապատասխան,  միջին և բարձր դասարաններ ընդունվում են քննությամբ:

«Այս տարի առաջին դասարան 140 դիմողից 45-ն են անցել»,- տեղեկացրեց տնօրենը:

Յուրաքանչյուր դասարանում սովորում է 15 աշակերտ:

Ինչ վերաբերում է դասավանդման պրոցեսին, Ս. Վարդանյանն ասաց, որ պետական հաստատված  առարկայական ծրագրով են աշխատում, միաժամանակ փորձում են ընտրել այլընտրանքային տարբերակներ. «Դաս-դասարանային համակարգն է կիրառում, նաև՝ կոլեկտիվ ուսուցման մեթոդը, եթե այդ պահին պետք է լինում,  բանավեճ՝ դասապրոցների ընթացքում»:

Նա նշեց, որ շենքային պայմանները չեն, որ պետք է դառնան համար մեկ խնդիրը լավ դպրոց, կրթության տալու համար:

«Անգամ այն փոքրիկ շենքային պայմաններում մեր ուսուցիչները ջանք ու եռանդ չէին խնայում աստվածահաճո այս գործը կատարելու համար: Արդյունքները երևում էին ուսումնական տարվա վերջին՝ օլիմպիադաներում դիպլոմների էին արժանանում մեր աշակերտները, միջազգային փառատոներում գրավում առաջին, երկրորդ հորիզոնականները: Շենքային պայմաններն ընդամենը լրացուցիչ գործիք են, բարենպաստ պայման ավելի լավ սովորելու համար»,- ասաց ուսումնական հաստատության տնօրենը:

Նա նաև տեղեկացրեց, որ երեխան մուտք գործելով դպրոց, ստանում է հաշվեքարտ՝ 100 դոլարին համարժեք գումարով, ամեն տարի քարտին փոխանցվում է 100 դոլար:

«Ավարտելով դպրոցը՝ նա արդեն ունենում է 1200 դոլար, այսինքն ուսանողական կյանք մտնելու խնդիրները չի ծանրացնում ընտանիքի վրա», - ասաց դպրոցի տնօրենը՝ միաժամանակ  հայտնելով, որ այս տարվանից աշակերտները բոլորը գրքերը ստանում են անվճար:

«Այդ ամենը հոգում է բարերարը»,-հավելեց Ս. Վարդանյանը:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  այս դպրոցը ներդրում է ապագայի, երեխաների համար:

«Շատ եմ հավանել դպրոցը: Այս ամենն ապագայի համար է»,- նշեց նա՝ հավելելով, որ ուրախ է, որ Հայաստանում կառուցվում են դպրոցներ:

Նրա խոսքով, ապագան Հայաստանում է, սփյուռքի օգնությամբ, քայլ առ քայլ պետք է ապագան կերտել հայրենիքում:

«Դա է իմ՝ Հայաստանում գտնվելու հիմնական նպատակը»,- ասաց Է. Էռնեկյանը:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 

Placeholder
Բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը