Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը  ելույթ է ունեցել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը
Մշակույթ
20:24 14/09/2017
Հայաստան

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել  դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են ՀՊՀՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից,  նվագախմբից,  մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն անցկացվել է Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի հանդիսավայրում: Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախումբը կատարել է Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործերից: Նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթներն ընդունվել են  մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ:

Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին միացել են նաև դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։  Ի դեպ, նշենք, որ նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված էր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով Լոնդոնում ուսանել է հենց Քոլին Դևիսի մոտ։

Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ հեռարձակվել է medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:

Ավելի վաղ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել էր՝  ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը՝ բաղկացած աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ Արարողության ընթացքում Ջոլին հատուկ շնորհակալություն են հայտնել Սերգեյ Սմբատյանին ու Համահայկական նվագախմբին՝ բրիտանացի կոմպոզիտոր Գուստավ Հոլստի ստեղծագործությունը կատարելու համար:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը medici.tv-ի ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում տեղեկացրել է, որ Համահայկական նվագախումբն այս տարի ապրիլի 24-ին համերգ է ունեցել Երևանում՝ հանդես գալով մի քանի այլ դիրիժորների ղեկավարությամբ:

«Մենք շատ ուրախ ենք: Մեզ համար մեծ պատիվ էր այստեղ գտնվել: Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության հիասքանչ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք նրանց բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,-նշել է Սերգեյ Սմբատյանը:

Նա նաև նշել է, որ Համահայկական նվագախմբի երաժիշտները հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում.նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում, սովորել են միևնույն կոնսերվատորիայում, այսինքն՝ միևնույն ավանդույթների կրող են: Եվ նման նախագծերը հիասքանչ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինել: Մաեստրո Սմբատյանը նաև հույս է հայտնել, որ նվագախումբն ավելի հաճախակի ելույթներ կունենա: 

Նշենք, որ «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես Օսկարը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուկերը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական էր. նշվում էր վերջինիս 40-ամյակը։

 

Placeholder
Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը