Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
Մշակույթ
13:20 15/09/2017
Հայաստան

Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն

«Մեծ պատիվ է մասնակցել այս մեծ իրադարձությանը: Այո, մեծ իրադարձության է, քանի որ նկարիչն է մեծ, ինչպես մեծ է Հայաստանի մշակույթն ու արվեստը»,- Հայաստանի Ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողովի բացմանն ասաց Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը:

Նրա խոսքով, հայկական մշակութային ժառանգությունը մեծ է, իսկ Հովհաննես Այվազովսկին այդ ժառանգության մեջ վառ աստղ:

«Մեր աշխարհում մարդկանց շատ բան է բաժանում՝ լեզուներ, սահմաններ, քաղաքական իրադարձություններ, գաղափարախոսություն: Բայց կա նաև մի աշխարհ, որը միավորում է: Դա մշակույթի, արվեստի աշխարհն է: Դրա համար, կարծում եմ, մենք չպետք է բաժանեք Այվազովսկուն: Կարծում եմ՝ չեք վիրավորվի, եթե ասենք Այվազովսկին ձերն է, բայց մի քիչ նաև մերն է: Ռուսաստանում չկա մարդ, ով չի ճանաչում Այվազովսկուն, չի սիրում նրա արվեստը»,- ասաց Ռուսական պետական թանգարանի տնօրենը՝ միաժամանակ ընդգծելով, որ Այվազովսկին, իհարկե,  պատկանում է աշխարհին:  

Նա  նշեց, որ Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան թանգարանում նույնպես կազմակերպվել էին Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսներ. «Մարդիկ  ժամերով հերթ էին կանգնում, սպասում էին: Վստահ եմ, որ եթե ցուցադրությունները շարունակվեին, հերթերն էլ կշարունակվեին»:

Վլադիմիր Գուսևը կարևորեց այն փաստը, որ  Ազգային պատկերասրահում նախօրեին բացված Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսում ծովանկարիչը ներկայացված է տարբեր կողմերից, հնարավորություն է տալիս այցելուին բացահայտել մեծ արվեստագետին տարբեր կողմերից:

Նշենք, որ երկօրյա  գիտաժողովին ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 21 բանախոս՝ ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:



Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ազգային պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարո
վ։

Placeholder