Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
Մշակույթ
11:49 15/09/2017
Հայաստան

Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան

«Մենք գիտենք, թե ով է Հովհաննես Այվազովսկին, իրար համոզելու բան չունենք: Այսօր ժամանակն է, որ աշխարհը ծանոթանա մեծ նկարչի հետ՝ ոչ միայն որպես հանճարեղ ծովանկարիչ,  այլ նաև տարբեր ուղղություններում մեծ հաջողությունների հասած արվեստագետ»,- Հայաստանի Ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Այվազովսկու խոշոր հավաքածուատեր, նկարչի արվեստի ուսումնասիրող ու մասնագետ Անդրեաս Ռուբիյանը  ԱՄՆ-ից:

Նրա խոսքով, Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է:

«Նա հանճարեղ նկարներ ունի, բայց քչերը գիտեն դրանց մասին, քչերն են ծանոթ այդ աշխատանքներին, քչերը գիտեն, որ նա, բացի ծովանկարչության, նաև մեծ դեր է խաղացել արվեստի  այլ ճյուղերի զարգացման գործում: Այս ուղղությամբ մենք համոզելու բան ունենք»,- նշեց Ա. Ռուբիյանը:

Նրա ցանկությունն է, որ ապագայում ավելի մեծ ջանքեր գործադրվեն ամբողջ Եվրոպայում, Ամերիկայում նրա արվեստը պրոպագանդելու համար:

«Այսօրվա աշխարհում արվեստը մեծ զենք է, մեծ ուժ է, միայն նկար չէ: Աշխարհին պետք է ներկայացնենք հայ ազգի հանճարներին, ինչը կմեծացնի նաև հայերի նկատմամբ հարգանքը, աշխարհում հայերի դերը ավելի մեծ ուժ կունենա»,- ասաց  Անդրեաս Ռուբիյանը:

Նշենք, որ երկօրյա  գիտաժողովին ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 21 բանախոս՝ ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 
 

Placeholder
Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան