Ռոստոմյան. Դոպինգի հետ կապված խնդիր չունենք
Սպորտ
17:50 19/09/2017
Հայաստան

Ռոստոմյան. Դոպինգի հետ կապված խնդիր չունենք

«2013 թվականից ցայսօր մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք, բացառությամբ մեկ պատանի ըմբիշի»,-հայտարարել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար  Հրաչյա Ռոստոմյանը:

«Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինարի ընթացքում:

 Ռոստոմյանը մանրամասնել է, որ անցկացված քննությունը պարզել է, որ պատանի ըմբիշն ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով է անծանոթ դեղահաբ օգտագործել՝ անձնական քաշն ավելացնելու նպատակով:

«Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է ընթանում այդ չարիքի դեմ: Տեղյակ եք, որ տարբեր մարզաձևեր այդ պատճառով վերանալու եզրին են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև ամբղջ աշխարհում»,-կոմիտեի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է նա:

Ռոստոմյանի խոսքով, ներկայում հայաստանցի  մարզիկները գրեթե երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, նախարարության, ՎԱԴԱ-ի և միջազգային ֆեդերացիաների կողմից:

«Դուք պարտավոր եք իմանալ, որ դոպինգը ցանկացած երկրի համար խայտառակվելու կարևոր հանգամանք է: Գիտեք, որ գերհզոր երկրներ կան, որոնց մի քանի մարզաձևերում ընդհանրապես արգելված է մասնակցել օլիմպիական խաղերին, աշխարհի, մայրցամաքների առաջնություններին: Մեր բոլոր մարզիչներն ու մարզիկները տեղյակ են, որ դոպինգ օգտագործելու դեպքում թե´ մարզիչը, թե´ մարզիկն ուղղակի հեռանում են սպորտից: Երկրորդ տարբերակ չկա»,-ասել է նա՝ դիմելով սեմինարի մասնակիցներին:

 

Placeholder
Ռոստոմյան. Դոպինգի հետ կապված խնդիր չունենք