Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
Քաղաքական
15:03 19/09/2017
Հայաստան

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հավատում է, որ կարելի է ապրել միասնաբար, խաղաղության մթնոլորտում: Այդ կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և գիտի, որ առանց այդ խնդրին առերեսվելու Թուրքիան չի կարող լուծել ոչ քրդական հարցը, ոչ էլ կարող է դառնալ ժողովրդավար երկիր: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Քրդերը սկսեցին հավասարություն պահանջել, հայերն էլ սկսեցին խոսել Ցեղասպանության մասին: 2009 -ին՝ 1920  թվականից ի վեր առաջին անգամ, Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմի հրապարակում հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Բոլորը սկսեցին գիտակցել, որ Մեծ Եղեռն է  տեղի ունեցել: Այժմ դժբախտաբար թուրքական խորհրդարանում Ցեղասպանություն բառի գործածումը կարող է հանցանք դիտվել»,- ասաց նա:

Կարո Փայլանի խոսքով, Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան այսօր «մութ ձմռան» ժամանակշրջան է ապրում, ճիշտ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ: Պատգամավորի համոզմամբ, Արևմուտքը, ինչպես աչքերը փակել էր Հայոց ցեղասպանության տարիներին, այդպես էլ այժմ փակել է Թուրքիայում  մարդու իրավունքների խախտումների վրա:

Կարո Փայլանը նկատեց նաև, որ ժողովրդավարության պայքարը դժվար պայքար է, և վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում:

«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ պայքարել է, որ հարցն արդար  լուծում ստանա:

«Թուրքիան մութ շրջանում է նորից, և այդ մտայնությունը շատ լավ գիտենք, որ ոճիր կգործի: Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ, և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- այսպես եզրափակեց իր ելույթը Կարո Փայլանը:

Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց:

Հատկանշական է, որ ինչպես երեկ, այսօր ևս Փայլանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով միայն, որ բոլոր հարցերին կպատասխանի ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքահայ գործիչը այդուհանդերձ ուրախություն հայտնեց, որ այս այցի ընթացքում կարողացել է Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալ, հայրենիքում շատ բան է տեսել:

Placeholder
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան