Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժամանակակից, զարգացող երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել. Վարչապետ
«Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին»,- այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:
Վարչապետի խոսքով՝ այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով. «Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար»:
Ըստ վարչապետի՝ մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում:
«Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ: Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ դարերի ընթացքում հայ ժողովուրդը մղել է պայքար և ուժերը համախմբել է հիմնականում այն պահին, երբ վտանգ է զգացել գոյության համար. «Մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը, ի տարբերություն բազմաթիվ այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել: Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով: Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից: Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները: Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր անկախ պետությունը: Սա գերագույն արժեք է: Համոզված եմ, որ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին:
Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչի՞ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այսօր բոլորիս նպատակն է ազատ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար։
«Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

