Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.5%-ով. ԱՎԾ
Տնտեսություն
19:09 20/09/2017
Հայաստան

Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.5%-ով. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.5%-ով։

Միաժամանակ, օգոստոս ամսվա ՏԱՑ-ը հուլիսի նկատմամբ կազմել է 18.7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 2.4%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 12.4%-ով, 2016թ-ի օգոստոսի համեմատ՝ 10.9%-ով, իսկ հուլիսի համեմատ նվազել է 0.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 6.6  տոկոսով: 2016թ. հունվար-օգոստոսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 12.4 տոկոսով:

Առևտրաշրջանառության ծավալները ևս այս տարվա 9 ամիսներին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 12.3%-ով: Սպառողական գները ևս, ըստ վիճակագրության, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.4%-ով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝  25 տոկոսով:

2017թ-ի հունվար-օգոստոսին 8%-ով նվազել է նաև շինարարության ծավալը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այն աճել է 24.4 %-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 21.7 %-ով, իսկ ներմուծումը՝ 26%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին  հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.8%. պետական համակարգում միջին աշխատավարձը մեկ տարում աճել է  1.6%-ով, իսկ  մասնավոր հատվածում՝  5%-ով:

 

Placeholder
Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.5%-ով. ԱՎԾ