Ավագ դպրոցի աշակերտների համար պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
17:14 22/09/2017
Հայաստան

Ավագ դպրոցի աշակերտների համար պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել. ԿԳ նախարար

Այսօր հրավիրած հաշվետու մամուլի  ասուլիս ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը  նախարարության կողմից իրականացված ծրագրերի և գործողությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։

Այնուհետև անդրադառնալով 12-ամյա կրթական համակարգին՝ նախարարը նշեց, որ այն կարևոր մի խնդիր է լուծում։

«Երեխային, որը բարձրագույն կրթություն ստանալ չի ուզում, արհեստ սովորելու հնարավորություն է տալիս: Ավագ դպրոցում մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և պետք է այնպես անենք, որ նրան տանք հմտություններ ու հնարավորություն`արհեստ ստանալու։ Եթե երեխան չի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, ապա նրան պետք է արհեստ սովորելու հնարավորություն տրվի, այսինքն` այդ երկու տարին պետք է հենց այդ նպատակով օգտագործենք: Իսկ որպեսզի նաև շահագործում չլինի, պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել, հակառակ պարագայում` երեխան կնախընտրի աշխատել»,- մանրամասնեց նախարարը։

Նա նշեց, որ պետք է այնպես անել, որ ավագ դպրոցում երեխան ստանա արհեստ, դրան զուգահեռ` կարողանա նաև աշխատել ու գումար ստանալ հենց սովորելու տարիներին։

«Եթե երեխան հասկանա, որ այդ երկու տարիներին ստանում է մասնագիտություն, որի միջոցով հետագայում իր հացն է վաստակելու, նրա համար այդ  տարիներն այլևս ավելորդ տարիներ չեն համարվի»,- ավելացրեց Լևոն Մկրտչյանը։

Դպրոցներում ներառականությանն անդրադառնալով, նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք չէ դրա մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է և այսօր արևմտահայերենով դպրոց ունենալու համար փորձեր են արվում։ Նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում»,- հայտնեց նա։

Ներկայումս հանրապետությունում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։
 

Placeholder