«Հայ ֆեստ»-ը կանցկացվի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով
Մշակույթ
16:02 22/09/2017
Հայաստան

«Հայ ֆեստ»-ը կանցկացվի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով

Հոկտեմբերի 1-8-ը կանցկացվի «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը, որը կրում է «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» (We are15years old young) խորագիրը:

Լրագրողների հետ հանդիպմանը  փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի փառատոնը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան  50  ներկայացում:
Նա նշեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային,  ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից  են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի  «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:    
Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:

Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի  «Յակիշ և Պուպչե»  (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում  (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):

Ա. Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի  6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:   

Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:

 

Placeholder
«Հայ ֆեստ»-ը կանցկացվի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով