«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Օրվա թեմա
13:30 23/09/2017
Հայաստան

«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ

Եվրոպական փորձագետների խմբի հետազոտությունների արդյունքների  եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այս մասին խմբի անդամները տեղեկացրել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: 

«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները:

ԱԻՆ հաղորդմամբ, ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում:

Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման և ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:

Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը  ընդգծել է, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ստահեցրել է, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար:

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար:

 

Placeholder
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ