Արծվաբերդում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք. ԱՆ
Առողջություն
12:28 23/09/2017
Հայաստան

Արծվաբերդում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք. ԱՆ

 ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատում են , որ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գրանցվել են տուլարեմիայի դեպքեր: Panorama.am-ի նախարարությունից հայտնեցին, որ Արծվաբերդում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք: Նույն համայնքում հատուկենտ, ոչ միաժամանակյա դեպքեր արձանագրվել էին օգոստոս ամսին:

«Հիվանդները գանգատվել են ջերմությունից, կոկորդի ցավից, լիմֆադենիտից, որոշ դեպքերում` կոնյուկտիվիտից: Դեպքերը հիմնականում արձանագրվել են  30-40 տարեկանների շրջանում: Հիվանդությունն ունի հիմնականում թեթև ընթացք, որոշ դեպքերում՝ միջին ծանրության: Ներկայումս հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը`  ամբուլատոր»,-նշեցին նախարարությունից:

Նշվում է նաև, որ կատարվել է  համաճարակաբանական հետազոտություն, դիտարկվում են վարակի փոխանցման բոլոր հնարավոր մեխանիզմները, մասնավորապես՝ այս համայնքի տարածքում էպիզոոտոլոգիական հետազոտություններ կատարվել են դեռևս ապրիլ ամսից սկսած՝ պարբերաբար, սակայն կրծողների շրջանում էպիզոոտիա չի արձանագրվել:  Գարնանից ի վեր համայնքում կրծողների խտություն և ակտավացում չի դիտվել (նույնիսկ ցածր է նախորդ տարիների համեմատ):

Բացի այդ, ըստ նախարարության. ուսումնասիրվել է Արծվաբերդ համայնքի  ջրամատակարարման համակարգը։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել. «Բնակչության շրջանում իրականացվել է տուլարեմիայի կանխարգելման հարցերի շուրջ գիտելիքների տարածում: Կազմակերպվել են նաև բոլոր հիվանդների և համայնքի ռիսկի խումբ հանդիսացող անձանց կենսաբանական նմուշների հետազոտություններ: Համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝  ներկայումս իրականացվում է Արծվաբերդի և դրան հարակից համայնքների 7-ից բարձր տարիքի բնակչության հաշվառում (հատկապես դաշտային աշխատանքներ իրականցնող) տուլարեմիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու համար: Աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մեղմ կլիմայական գոտիներում: Տուլարեմիայի հիմնական աղբյուր են հանդիսանում կրծողները՝ (մկները, ջրային առնետները, դաշտային մկները, նապաստակները)։

Տուլարեմիայի գաղտնի շրջանը 1-30 օր է, հիմնականում՝ 3-7 օր: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ (երբեմն՝ ավելի), հազվադեպ կարող է ախտադարձ լինել: Հիվանդությունն ընթանում է ջերմության բարձրացումով, գլխացավով, թուլությամբ, բնորոշ է ավշային հանգույցների և դրանց հարակից հյուսվածքների ախտահարումով (բուբոն), որն առաջանում է հարուցչի ներթափանցման արդյունքում:

Վարակն օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասվածքների կամ աչքի,  շնչառական ուղիների կամ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների միջոցով: Այն փոխանցվում է տզերի, ինչպես նաև սննդամթերքի և փոշու միջոցով:

 

Placeholder
Արծվաբերդում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք. ԱՆ