Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա  շուրջ 400 մլն դոլարով. Արամյան
Տնտեսություն
16:52 25/09/2017
Հայաստան

Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան

2017 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը կհասնի 58.8%-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6 տոկոս կամ` 5,9 միլիարդ դոլար:

«Այս տարեվերջին մենք կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 մլն դոլարով, և ներքին պարտքի ավելացում` մոտ  30 մլն դոլարով։ Այսինքն` արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար, ներքինը` 1 մլրդ 269 մլն դոլար»,- նշեց Վարդան Արամյանը։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը դեռևս գտնվում է ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում, թեև, ըստ Վարդան Արամյանի, մոտ ենք միջին պարտքի ցուցանիշ ունեցող երկրների շարք անցնելուն:

Ըստ նրա՝ իրավիճակի բարելավման համար Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ բանակցություններ են վարվել հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության մոդելի մշակման և ներդրման համար տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով, ինչպես նաև մշակվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Մասնավորապես, ԱՄՀ-ից ներգրավվել է տեխնիկական աջակցություն, որի շրջանակներում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա՝ ԱՄՀ-ի կողմից առաջարկվել են նոր հարկաբյուջետային կանոններ: Առաջարկությունների հիման վրա Ֆինանսների նախարարության կողմից մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչից ելնելով նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:

«Այսինքն՝ ներդնելով հարկաբյուջետային կանոնները, աստիճանաբար միջնաժամկետում պարտքը հետ կբերենք կոմֆորտ զոնայի մեջ»,- ասաց Վարդան Արամյանը:

 

 

Placeholder
Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան