ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողն առաջին անգամ կայցելի Հայաստան
Առողջություն
14:23 25/09/2017
Հայաստան

ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողն առաջին անգամ կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 29 Հայաստանում է լինելու Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը: Նա գնահատելու է, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կազմակերպության պաշտոնական էջից:

«Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է նա:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է առողջապահական ծառայությունների առկայությունը, հասանելիությունը, պահանջներին համապատասխանությունը և որակը, ինչպես նաև առողջության իրավունքի իրացման վրա ազդող գործոնները, ինչպիսիք են աղքատությունը, խտրականությունն ու բռնությունը:

«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ,- ասել է փորձագետը: - Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաև ակադեմիական բժշկության, բժշկական կրթության և հետազոտությունների դերը»:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է բնակչության առանձին խմբերի, մասնավորապես կանանց, երեխաների,  միգրանտների, թմրամիջոց օգտագործող անձանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավիճակը: Նա հանդիպումներ է ունենալու Երևանի, Աբովյանի, Դիլիջանի, Սպիտակի և Վանաձորի մի շարք հաստատություններում:

Փորձագետն իր նախնական եզրակացությունները կներկայացնի Երևանում կայանալիք մամուլի ասուլիսում,  իսկ ամփոփիչ զեկույցը կհրապարակի Մարդու իրավունքների  խորհուրդի՝ 2018-ի  հունիսին:

 

Placeholder
ՄԱԿ-ի առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողն առաջին անգամ կայցելի Հայաստան