Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրաքի գյուղատնտեսության նախարար
Տնտեսություն
17:20 26/09/2017
Հայաստան

Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրաքի գյուղատնտեսության նախարար

«Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար,  քանի որ  դրա համար մեծ ներուժ ունենք»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյան՝ այսօր կառավարությունում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը:

«Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, և մենք կարող ենք քննարկել նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին։

Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները: 

 

Placeholder
Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրաքի գյուղատնտեսության նախարար