«Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար»
Քաղաքական
18:47 27/09/2017
Հայաստան

«Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար»

Միացյալ Թագավորությունն ուզում է առևտուրն ավելացնել Հայաստանում: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը:

«Մի քանի մոտեցումներ, տեսանկյուններ կան: Նախ՝ մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար:  Ունենալ լավ բիզնես միջավայր, լավ բիզնես կլիմա, այդ պարագայում է, որ ներդրողերը սկսում են գալ: Մի շատ լավ քայլ կա, որը փորձում եք անել՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է: Ակնկալում եք այդ նախաձեռնությանը միանալ մյուս տարի, որը աշխարհին ցույց է տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանը շատ բարձր չափանիշ է ձևակերպել: Այդ պարագայում է, որ աշխարհի ներդրողները որոշում են գնալ կոնկրետ պետություն»,- ասաց նա:

Ալեն Դանքնն ընդգծեց, որ այլ ոլորտներում նույնպես կցանկանային գտնել ուղիներ՝ ավելի շատ  բիզնես իրականանցնելու.  «Այդ նպատակով էլ հենց առևտրի ներկայացուցիչ ենք նշանակել, ով կգա, կուսումնասիրի ոլորտները»:

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը նաև ասաց, որ Հայաստան է բերել վարչապետ Թերեզա Մեյի բարեմաղթանքը:

«Այս ժամանակներում, երբ բանակցում ենք մեր հեռանալը Եվրամիությունից, կարևոր ուղերձ եմ բերել. հեռանալու ենք Եվրամիությունից, բայց չենք հեռանալու Եվրոպայից, աշխարհից:  Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի միջոցով  և հատկապես հետաքրքրություն  ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով»:
 

Placeholder
«Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար»