Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը. ՖԻԴԵ-ի նախագահ
Սպորտ
10:30 28/09/2017
Աշխարհ

Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը. ՖԻԴԵ-ի նախագահ

«Լևոն Արոնյանն ամբողջ ընթացքում գտնվում է շախմատային թագի կողքին»,-նախօրեին Р-Спорт-ի հետ հեռախոսազրույցում ասել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը՝ շնորհավորելով Լևոն Արոնյանին:

Հիշեցնենք, որ նախօեին Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2-0 հաշվով հաղթել է Դին Լիժենին և հռչակվել Աշխարհի Գավաթակիր: Նշենք, որ Արոնյանը միակ շախմատիստն է, ով հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ:

«Ես գիտեմ, որ ամբողջ Հայաստանը սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը: Նա փորձառու շախմատիստ է և որպես մրցաշարային մարտիկ ուժեղ է խաղային պատրաստության մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին նա հասունացել է տիտղոսի խաղի համար և համարվում է շախմատային աշխարհի առաջատարներից մեկը»,- ասել է Կ. Իլյումժինովը:

Р-Спорт  հաղորդմամբ, ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը նույնպես շնորհավորել է Լևոն Արոնյանին հաղթանակի առիթով: Նա մասնավորապես ասել է. «Իհարկե, Թբիլիսի էի մեկնել տիտղոսս պաշտպանելու համար, բայց չստացվեք: Դուք ինքներդ տեսաք, թե ինչքան բարդ  մրցաշար էր, և պայքարից դուրս մնացին շատ աստղային մասնակիցներ, այդ թվում նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հենց վաղ փուլում: Լևոնը հրաշալի է անցկացնում այս տարին, տանում է մի շարք վառ հաղթանակներ: Եվ աշխարհի գավաթի խաղարկությունում հաջողությունը նման տարվա արժանի ավարտն է»: 

Սերգեյ Կարյակինը նաև նշել է, որ Լ. Արոնյանն իր կարիերայում ունեցել է բարդ ժամանակաշրջաններ, և Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է և ի վիճակի է հաղթահարել կյանքի ամենաբարդ փուլերը:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
 

Placeholder
Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի տրիումֆի կրկնությանը. ՖԻԴԵ-ի նախագահ