Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ. Ասկար Մամին
Քաղաքական
15:59 28/09/2017
Հայաստան

Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ. Ասկար Մամին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը և քննարկումները:

«Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել և զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», - նշել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում  փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:
Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

«Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք և հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», - ասել է Ասկար Մամինը:

Նա ներկայացրել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև  երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:


 

Placeholder
Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ. Ասկար Մամին