Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում
Տնտեսություն
16:23 29/09/2017
Հայաստան

Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում

Երևանում այսօր մեկնարկած 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում  առանձին տաղավարով ներկայացված է «Ինժեներական քաղաք»-ը: 

«Ինժեներական քաղաք»-ի տաղավարի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է Հայաստանում առաջին անգամ հավաքված էլեկտրական մեքենան, որն արտադրվել է National instruments ընկերության և հայ մասնագետների ջանքերով: 

Տաղավարում ներկայացված են նաև տարբեր հանգույցներ, որոնք  ապահովում են մեքենայի ինքնավարությունը: Մասնավորապես, ինքնավար մեքենայի մաս են կազմում ռադարները,  տեսախցիկները,  լազերային սքաներները: Մեքենան աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ պատրաստվել են Հայաստանում, իսկ որոշներն էլ՝ ներմուծվել,  բայց ընդհանուր համակարգն ամբողջովին հավաքվել է Հայաստանում՝ 4-ից 6 ամսում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում National Instruments ընկերության ներկայացուցիչ  Ռուբեն Սիմոնյանը նշեց, որ առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։

«Մեքենաշինությունը Հայաստանի համար նորություն չէ,  դեռևս 1975թ. Հայաստանում առաջին անգամ հավաքվել է էլեկտրամոբիլ: Մենք միշտ ունեցել ենք այդ մշակույթը և այս էլեկտրամոբիլը այդ ինժեներական մշակույթի շարունակությունն է»,- ասաց Ռուբեն Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ այսօր ներկայացնում են երկու ուղղություն՝ էլեկտրական մեքենա և ինքնավար մեքենայի լուծումներ: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, փորձում ենք զարգացնել այդ երկու ուղղությունները»,- ասաց նա:

Ռուբեն Սիմոնյանը հայտնեց, որ «Ինժեներական քաղաք»-ը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ընկերությունների հետ. «Օրինակ, մեր լուծումներից օգտագործում է  համաշխարհային Audi ընկերությունը: Աշխատում ենք նաև ռուսական ընկերությունների հետ: Պատվերները շատ են, սակայն մեր նպատակն է ոչ միայն պատվերներն ավելացնել, այլև այս ուղղությունը Հայաստանում զարգացնել»: 

Ռուբեն Սիմոնյանը վստահ է, որ մի օր Հայաստանում ամբողջությամբ էլեկտրամոբիլ կարտադրեն: «Մենք ունենք այդ գիտելիքը, այդ պոտենցիալը»,- ասաց նա:

Նշենք, որ  Երևանի Ջրվեժ թաղամաս նախատեսվում է կառուցել «Ինժեներական քաղաքը»։   Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:

Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:

Placeholder
Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում