Տնտեսագետ. Կարող ենք ասել, որ 2018-ին հասարակության կյանքում որևէ դրական փոփոխություն չի սպասվում
Տնտեսություն
09:00 30/09/2017
Հայաստան

Տնտեսագետ. Կարող ենք ասել, որ 2018-ին հասարակության կյանքում որևէ դրական փոփոխություն չի սպասվում

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը վերջին նիստում հաստատվեց կառավարության անդամների կողմից, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանին լավատեսության որևէ հիմք չի տալիս: Մի քանի հարյուր էջից բաղկացած փաստաթղթի նախագծում նա որևէ լուրջ փոփոխություն չի նկատել, համարում է, որ ամենալուրջ փոփոխությունը տարեթիվն է, որը  2017-ը 2018 է դարձել: Տնտեսագետը դա պայմանավորում է կառավարության «անհավես, անդրայվ» քաղաքականությամբ:

«Գործող կառավարությունը պաշտոնավարման առաջին ամիսներին նախաձեռնեց 2017-ի բյուջեն: Այդ ժամանակ կարելի է  ասել ամբողջովին կրկնեց նախորդ տարիների մոտեցումը: Այս տարվա բյուջեի նախագծից որևէ դրական սպասում չկար, ինչն արդարացրեց կառավարությունը: Իսկ 2018-ի բյուջեի նախագիծը կրկնում է նախորդ տարիների մոտեցումը»,-Panorama.am-ի   հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա մանրամասնեց, որ հավաքագրված որոշակի գումարը փորձում են բաշխել ըստ ոլորտների: Բյուջեի նախագծի՝ ծախսային մասին վերաբերող հոդվածներում տնտեսության որակական կամ կառուցվածքային որևէ փոփոխության ականատես չենք լինում:

«Իհարկե, որոշ չափով և եկամուտների, և ծախսերի մոսով աճ նախատեսված է, ընդ որում այդ աճը բավականին փոքր է: Դա հերթական անգամ ցույց է տալիս, որ կառավարության այն հայտարարությունները, որ խիստ պայքար են մղում ստվերային տնտեսության դեմ, չի արտացոլվում բյուջեի եկամուտներում: Հակառակ դեպքում բյուջետային մուտքերի 10-15 տոկոս աճ պետք է լիներ»,-կարծիք հայտնեց Մ. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է 1 տրիլիոն 247.9 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրում:

Ինչ վերաբերում է ծախսային մասին,  տնտեսագետը նկատեց, հերթական անգամ պետական ապարատին ուղղված ծախսերն աճում են:

«Մեղմ ասած, դա զարմանալի է, քանի որ կառավարությունը անընդհատ խոսում է պետական համակարգի ծախսերի օպտիմալացման մասին: Իսկ հիմա մենք հակառակ բանի ականատեսն ենք լինում: Եթե վերցնենք տասը տարվա կտրվածքով, կտեսնենք, որ կրթության ու առողջապահության ոլորտների համար բյուջեի հատկացումները գրեթե նույն մակարդակի վրա են մնացել, իսկ պետական համակարգի ծախսերը մոտավորապես 50 տոկոսով ավելացել են: Այս պահին պետական համակարգին ուղղված ծախսերը գերազանցում են նույնիսկ բանակին ուղղված ծախսերը»,-նման տվյալներ ներկայացրեց նա:

Տնտեսագետին զարմացնում է ցանկացած պետության զարգացման հիմք հանդիսացող կրթության ու առողջապահության ոլորտների ծախսերի չափը:


«Հաշվի առնելով այդ ոլորտներում առկա բավականին լուրջ խնդիրները, ենթադրվում է, որ դրանց հատկացված գումարները պետք է մեծ տեմպերով ավելանան, իսկ մենք ունենք բյուջե, որտեղ ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է պետական համակարգին, բնական է, բանակին, սոցիալական ոլորտին»,-ասաց նա:

Նախագծում ներկայացված ծախսերն ուսումնասիրած տնտեսագետը նշում է, որ հաջորդ տարի թոշակների, պետական աշխատողների աշխատավարձերի բարձացում չի լինելու:
«Ըստ այդմ, կարող ենք ասել, որ 2018-ին հասարակության կյանքում որևէ դրական փոփոխություն չի սպասվում»,-ասաց նա:

Նա կարծում է, որ ծախսերը կազմելիս պետք է առաջնորդվեն բյուջետային ծրագրավորման մոտեցմամբ, լինեն հստակ նախագծեր ցանկացած ոլորտում:

«Ենթադրենք, հայտարարում են, որ առողջապահության ոլորտում պետք է իրականացվի այսինք նախագիծը, և ամեն տարի այդ նպատակի իրականացման համար որոշակի գումար հատկացվի: Իսկ այս պահին հավաքված գումարները բաժանվում են ըստ ոլորտների, դրա արդյունավետությունը շատ ցածր է, եթե երկարաժամկետ հատվածում ենք նայում, որևէ մնայուն արդյունք չի լինում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում պակասուրդին, ապա Առաքելյանը նկատեց, որ նախատեսվում է 156 մլրդ  դրամ, սակայն այն կավալենա, քանի որ նախատեսված բյուջետային մուտքերը որպես կանոն որոշակի չափով թերակատարվում են:

«Նույնիսկ նախագծում նշված թիվը բավականին մեծ է: Նշված թվերով մենք հաջորդ տարվա վերջին կունենանք 7 մլրդ դոլարի պետական պարտք, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է»,-ասաց նա:


Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը

Placeholder
Տնտեսագետ. Կարող ենք ասել, որ 2018-ին հասարակության կյանքում որևէ դրական փոփոխություն չի սպասվում