Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան
Քաղաքական
15:46 04/10/2017
Հայաստան

Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան

«Նման հարցերի դեպքում կենցաղային բնույթի գնահատականներն անթույլատրելի են»,- խորհրդարանում «ՀՀ և ՌԴ միջև՝ զինված ուժերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։

«Լռությունը կարևոր հաղորդակցման միավոր է, և երբեմն շատ ավելի արդյունավետ է ու ազնիվ, ինչպես այս ամբիոնից հնչեց` լուռ կոճակ սեղմել՝ կողմ կամ դեմ, քան գեներացնել ինքնանպատակ խոսքեր՝ համեմելով տարաբնույթ հուզական տարրերով ու ժեստիկուլացիայով, որը, կարծես թե, կոչված է ժամանակավոր տպավորություն ստեղծել, բայց, ըստ էության,  անընդունելի է կարևորագույն անվտանգության և ռազմական բնույթի հարցերի քննարկման դեպքում, երբեմն նույնիսկ վտանգավոր, որովհետև թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, փորձագիտական շրջանակներին»,-ասաց նա:

Սաղաթելյանն արձանագրեց, որ  այս համաձայնագիրը որևէ կերպ որևէ տեքստից չի բխում և չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում, հայլ հակառակը` ենթադրում է ռազմականության ավելացում է, եթե ոչ բազմապատկում։

Ինչ վերաբերում է հարցին, թե այս համաձայնագրով Հայաստանն ինչ է ձեռք բերում, պատգամավորն ասաց. «Այստեղ խոսք գնաց օդատիեզերական ուժերի և հետախուզական տվյալների ձեռքբերման մասին և հարց հնչեց, թե ինչու դա չկար ապրիլին: Բանն այն է, որ հետախուզության խնդիրը պատասխանելն է ոչ միայն «ինչը» և «ինչպես» հարցերին, այլ ամենակարևոր «երբ» հարցին, իսկ այդ հարցին պատասխանում է  հետախուզության այլ ճյուղը և ոչ այն զորամիավորումը, որի կանոնակարգը մենք այսօր քննարկում ենք: Կոչ եմ անում օբյեկտիվ իրականության շրջանակներում մնալ և ավելի առարկայական քննարկում ունենալ այս հարցի վերաբերյալ»,-ասաց նա:
 

Placeholder