Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուսուցչի տոնն է. «Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին»
Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորանքներ են հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետև միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլև գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձևավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը»,-իր խոսքում նշել է Արա Բաբլոյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն անգնահատելի է համարում ուսուցիչների դերը
ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում:
«Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:
Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ»,-նշել է կառավարության ղեկավարը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ առանձնակի շնորհավորել է նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, «ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել մեր ընդհանուր գործին»: