Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
Տնտեսություն
18:37 05/10/2017
Հայաստան

Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է մսամթերքի և կաթնամթերքի թանկացում:  Մասնագետները թանկացման մի քանի պատճառ են նշում. առաջինը՝  անասնակերի թանկացում, երկրորդը՝ տավարի մսի արտահանման ավելացում:

Panorama.am-ը փորձեց պարզել, թե որոնք են թանկացման պատճառները:

Մեզ հետ զրույցում թե Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, թե «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշեցին, որ մսի թակացման պատճառը, միանշանակ, անասնակերի թանկացումն է:

Աշոտ Հարությունյանը թանկացումը պայմանավորում է բնակլիմայական վատ պայմաններով: 

«Երաշտի պատճառով խոտի քանակությունը նվազել է, ինչի հետևանքով անասնակերի գինը 15-30 տոկոսով թանկացել է: Դա էլ իր հերթին բերել է կենդանական ծագման մթերքի՝ մսի և կաթնամթերքի գների բարձրացման»,- ասաց փոխնախարարը: 

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, թանկացումը կապված է նաև մեծ քանակությամբ մսամթերքի արտահանման հետ, Ա.Հարությունյանը նշեց, որ  արտահանումը միայն խթանում է արտադրության զարգացումը. «Պետք է չէ դա բացասական համարել, քանի որ դա խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար»: 

Հրաչ Բերբերյանի խոսքերով էլ՝ դեռ հուլիսից ահազանգում էին, որ երաշտ է սպասվում, ուստի բնական է, որ անասնակերը կնվազեր, ինչն էլ իր հերթին կբերեր մսամթերքի և կաթնամթերքի թանկացման. «Մեր ահազանգին գյուղատնտեսության նախարարությունը չէր արձագանքում: Կարող էին երաշտ հայտարարել և կոչով դիմեին գյուղացիներին, որ  օգոստոսին լեռնային գոտու կանաչ զանգվածները հավաքեին, անտառաբացատային տարածքներում  առկա խոտ պահեստավորեին, բայց դա չարվեց: Այսինքն՝ որևէ միջոցառում չարեցին, որպեսզի այս վիճակից դուրս գայինք»:

Արդյունքում, ըստ նրա, եթե նախորդ տարի մեկ հակ խոտի արժեքը 400-600 դրամ էր,  այսօր արդեն՝  1200-2000  դրամ,  ինչը, բնականաբար պետք է բերեր մսի, կաթնամթերքի թանկացման:

Հրաչ Բերբերյանը նշեց նաև, որ խոտի սակավությունը և թանկությունը  բերում են անասնագլխաքանակի նվազման: Եթե գյուղացիները չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել, ապա անասուններին մորթում են:

«Օրինակ՝  Վարդենիսի տարածաշրջանի մի համայնքում արածացնում էին 3 հոտ՝ 400  գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այսօր՝ ընդամենը մեկ հոտ են հանում արոտի: Այսինքն՝ արդեն գլխաքանակի անկում ունենք: Նախարարությունն էլ խոստովանում է, որ անկում ունենք»,- ասաց  նա:

Հրաչ Բերբերյանն առկա թանկացումը ճիշտ չի համարում նաև կապել արտահանման հետ. «600 հազար գլխի մեջ այդ 1000 գլխի արտահանումը գնի վրա ազդեցություն չէր ունենա»:

Նա նաև սխալ է համարում այն, որ փորձում են այս  թանկացումը համեմատել  միջազգային գների հետ, մինչդեռ, ըստ Հ.Բերբերյանի, մեր ներքին շուկան կախված չէ միջազգային գներից, եթե տվյալ մթերքն արտադրվում է Հայաստանում:

«Այսօր շատ երկրներում կարտոֆիլը թանկ է, իսկ Հայաստանում էժան է և մենք Վրաստան ենք  արտահանում: Դա նշանակում է, որ միջազգային գներին չենք համապատասխանում: Այսինքն՝ չեն աշխատել և արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ մսի,  պանրի, կարագի թանկացում»,- նշեց նա:

Հրաչ Բերբերյանի կանխատեսումներով՝  միգուցե այս ժամանակաշրջանում  մսի և կաթնամթերքի ներկայիս գները պահպանվեն, բայց գարնանը մսամթերքի և կաթնամթերքի շուկայում կարձանագրվի  30-40 տոկոսի թանկացում:

Այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ գյուղատնտեսի,  դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի  օգնության համար դիմեն միջազգային կազմակերպություններին:

«Կարող  են դիմել Ռուսաստանին, ԱՄՆ-ին՝ անասնակերով Հայաստանին օգնելու համար, որպեսզի գլխաքանակի անկումը շեշտակի չլինի»,- ընդգծեց նա: 

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: Ըստ ԱՎԾ-ի՝  կաթնամթերքի, պանրի ապրանքախմբում էլ 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ:


 

Placeholder