«Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք  նախարարությունների- 4
Առողջություն
13:11 05/10/2017
Հայաստան

«Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4

Առողջապահության նախարարություն  

- Անհաս է, բայց նորմալ երեխա է, ամեն ինչ նորմալ է,-ասաց Հանրապետականի բժշկուհին ծննդկանին:

Ամեն ինչ նորմալ է: Երկար սպասված երեխա, սիրո ծնունդ, ծնված նոր սեր,  նոր մարդ, նոր կյանք, նոր հույզեր, նոր զգացմունքներ, նոր աշխարհ...:  Բժշկուհին համարյա աստված է, քանի որ այս ամենն իր ձեռքում է պահում:

Հաջորդ օրը  մայրը նկատում է, որ երեխան տարօրինակ կարմրել է, բայց նրա մոտ իրեն չեն թողնում, հայացքներ են նետում, քչփչում են:  Բժշկուհին երկար-բարակ հարցերի «հավես» չունի երևի ու երեխայի դեմքը ծածկում է մոր հայացքից: Եվս մի քանի ժամ, մորը հայտնում են՝ արյան վարակում:

Երկար սպասված երեխա:  Թեկուզ երկար սպասված էլ չլիներ՝ մեջդ կյանք առած կեսդ...:

- Բժշկուհի, իսկ ի՞նչ գարանտիա կա,-հարցնում է մայրը:

Միանգամայն բնական հարց: Միանգամայն  բնական մայրական հուզմունք:

-Կարո՞ղ է   գառանտիյնի կտրոն էլ ուզեք,- մորը «տեղն է դնում» բժշկուհին:

Սա չափանիշ է: Սրանից ավելի բան գրելու, բացատրելու  հարկ չկա:

Մայրը զանգում է ամուսնուն, երեխային Հանրապետականի ծննդատնից  տեղափոխում են Մուրացանի հիվանդանոց, վերակենդանացման բաժամունք: Նրանց հետևում է նույն օրը մայր դարձած մյուս ծննդկանը՝  նույն ախտանիշով՝ արյան վարակում: Երեխաները կյանքի ու մահվան սահմանին մնում են ամիս ու ավելի...:

Ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը:  Հաղորդագրություն է տարածում, գովազդելով Հանրապետական հիվանդանոցի ապագա մասնաշենքը, թե բա. «այստեղ ծնարանները, վիրասրահներն ու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին»:  

Տեղին է հիշել անեկդոտը՝ մի հատ քո պարտադիրն արա, հետո նոր անցի ցուցադրականին:

Ինչևէ,  ծնողները  արձագանքում են գովազդային այս հաղորդագրությանը, պատմում իրենց հետ կատարվածը: 

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը շտապում է լրատվամիջոցներից մեկին հայտնել, թե հիվանդանոցային պայմանները կապ չունեն «Անհիմն տեղեկություն է: Այդպիսի տեղեկությունը տարածվել է բժշկուհու նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից: Այդպիսի բան գոյություն չունի»:

Panorama.am-ի նամակին ԱՆ-ից պատասխանում են, թե նորածինների արյան վարակի հարցով ստեղծված է հանձնաժողով: Ու հետո երկար լռություն: Լռությունը էլի խախտում ենք մենք՝ 

«Խնդրում ենք պատասխանել. Ի՞նչ եզրակացության է հանգել հանձնաժողովը դեպքը ուսումնասիրելուց հետո:

Հիվանդանոցում սանիտարական ստուգում, փորձաքննություն կատարվե՞լ է, թե՞ ոչ:
Զրուցե՞լ է արդյոք հանձնաժողովը ծննդկանների հետ:
Խնդրում ենք տրամադրել հանձնաժողովի եզրակացության պատճենը, որ տրվել է ծնողներին, հիվանդանոցին:
27.09.2017»:

Այսօր  պատասխան ենք ստանում:

Այստեղ կարելի էր մրցում անցկացնել՝ արդյո՞ք  մեր ընթերցողը կարող է ենթադրել, թե ինչպիսին է այդ պատասխանը:

Իսկ պատասխանն այնպիսին է, որ  երկրի դեմոգրաֆիան հիմա անկյունում կանգնած նյարդային ծխում է:

ՀՀ ԱՆ-ն, պարզվում է, ստեղծել է մի ամբողջ հանձնաժողով, որպեսզի կրկնի հիվանդանոցի վարկածը՝ «արյան վարակումը ներարգանդային է», ու «այդ պատճառով» սանիտարական ստուգումներ չեն կատարվել:

Հարգելի հանձնաժողով, եթե կաս  ու եղել ես իհարկե՝ այդ ինչպե՞ս որոշեցիր, թե ինչպես են վարակվել երեխաները նույն բակտերիաներով՝ առանց  որևէ ստուգման:

«Գառանտիյնի կտրոն»  ենք ուզում: Ազգովի:

Placeholder