Լավագույն ուսուցիչն ու դաստիարակը ավտոմեքենա նվեր ստացան
Կրթություն, գիտություն
18:21 05/10/2017
Հայաստան

Լավագույն ուսուցիչն ու դաստիարակը ավտոմեքենա նվեր ստացան

Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում  հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների անունները:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝ ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը:

Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Մի շարք վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ վարչապետի «Հուշամեդալի» և շնորհակալագրերի:

«Առաջիկայում հանրությանը կներկայացնենք «Ուսուցիչ» անունը կրող ծրագիրը: Այն իր մեջ ամփոփում է այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակում իրականացվող քաղաքականության շնորհիվ կկարողանանք տեսնել վաղվա ուսուցչի բոլորովին այլ կերպար՝ բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող և ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, որին վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը: Սա շատ կարևոր է պետության համար, և այս ուղղությամբ է լինելու մեր հանրակրթության քաղաքականության հիմնաքարը»,-հայտարարել է միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Իբրև կրթության ոլորտի պատասխանատունա նշել է, որ ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կատարում է իր վրա դրած առաքելութունը, որի ապացույցը  տեսնում ենք տարբեր ուղղություններով՝ ապրիլյան հերոսամարտ, աշխարհի բարձրակարգ բուհերում սովորող ուսանողների որակ, նվիրվածություն ընտանքին և ավանդույթներին:

«Վստահ եղեք, որ առաջիկայում շոշափելիորեն փորձելու ենք փոխել ուսուցչի դերակատարումը, կարգավիճակը և, ընդհանրապես, դպրոցի դերը մեր հասարակության կյանքում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

 

 

Placeholder
Լավագույն ուսուցիչն ու դաստիարակը ավտոմեքենա նվեր ստացան