Ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար. Դենիս Մանտուրով
Տնտեսություն
19:36 06/10/2017
Հայաստան

Ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար. Դենիս Մանտուրով

«Պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր կառավարությունում ընդունելով Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի և դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝  մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության,  մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության  ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է  Իրանի հետ սահմանին  ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ և միևնույն ժամանակ կարևորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:

 

 

Placeholder
Ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար. Դենիս Մանտուրով