Ղազախ նախարար. Տպավորություններս դրական են
Տնտեսություն
16:50 06/10/2017
Հայաստան

Ղազախ նախարար. Տպավորություններս դրական են

«Երբ մենք այցելում ենք որևէ երկիր նման համաժողովների, ծանոթանում ենք արդյունաբերական ընկերությունների հետ: Երեկ ինձ հաջողվեց մի քանի ձեռնարկություն այցելել: Տպավորություններս դրական են»,-ելույթ ունենալով Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովում հայտարարել է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ալիկ Այդարբաևը:

«Մենք հատուկ տնտեսական գոտում ուսումնասիրել ենք, թե ինչպես են մշակվում նոր ծրագրային արտադրանքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես է տեղի ունենում պլանշետների, բջջային հեռախոսների արտադրությունը: Եվ ցանկանում եմ ասել, որ ամեն երկիր չէ, որ կարող է նման արտադրանք ունենալ»,-ասել է նա:

Ղազախ նախարարն ասել է՝ իրեն պատմել են, որ այստեղ միութենական նշանակության մեծ ինստիտուտ է եղել, որը զբաղվել է մաթեմատիկական կիրառական գիտություններով, ինչն այսօչ վերածնվում է, երիտասարդությունը աշխատում է և ոլորտը հաճելի տպավորություն է անում:

«Եվ իհարկե, այսօր մենք քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք մեր միության առջև են ծառացած. Խոչընդոտները, համընկերությունները, թվային օրակարգը և այլ արդիական հարցեր: Նման հանդիպումներին հաջորդում է բոլորովին այլ մտածելակերպ»,-ասել  է նա:

Համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանակ մեկ այլ հյուրից՝ Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկից  լրագրողները հետաքրքրվել են, թե համագործակցության ինչ հեռանկարներ են տեսնում Հայաստանի հետ:

«Առաջին հերթին շատ կարևոր է գործընկերների հետ հանդիպումը: Այնքան էլ հաճախ չէ, որ հնարավորություն է ընձեռվում նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և հարցեր քննարկել: Այսօր կարող եմ ասել, որ Հայաստանի հետ առևտրաարդյունաբերական համագործակցությունը ընդլայնվում է: Պարզապես պետք է համագործակցության նոր ձևեր և ծրագրեր  ներկայացվեն»,-ասել է նա:
 

Placeholder
Ղազախ նախարար. Տպավորություններս դրական են